Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Պարույր Հայրիկյանին եւ հույս ունե, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ մահափորձը: Այս մասին, այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ով երկարատեւ բուժումից հետո առաջին անգամ այցելել է խորհրդարան:

Անդրադառնալով իր առողջական վիճակին, նա վստահեցրեց, որ ակտիվ մասնակցություն կունենա խորհրդարանի աշխատանքներին` ԱԺ-ում ՀԱԿ-ի գործունեությանը մեծ արդյունավետություն հաղորդելով:

Դեմիրճյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ մտադիր չէ լքել ՀԱԿ-ը: Հարցին, թե, այդուհանդերձ, ինչու ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին, ՀԺԿ առաջոնդրոն արձագանքեց. «Անկախ տարիքից եւ այլ հանգամանքներից, իմաստ չունի մասնակցել ընտրություններին, որոնց արդյունքները կեղծվելու են: Եթե արդար եւ ազատ ընտրություններ կազմակերպվեն, պատժվեն նախկինում ընտրակեղծիքներ կատարողներն ու բռնություն կիրառողները, եթե պատասխանատվության ենթարկվեն 2008-ի մարտի 1-ի մեղավորները, ամեն ինչ այլ կլիներ: Բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում: Այս իրավիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր ուժերի բեւեռ, ինչն անել չհաջողվեց»: