Հայաստանը չի ձգտում սպառազինությունների մրցավազք վարել: Այդ մասին փետրվարի 4-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզի Մասիս քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Սարգսյանի խոսքով` Հայաստանը զինվում է միայն ըստ անհրաժեշտության եւ կարող է ինքնուրույն ապահովել իր բանակին: Հայաստանում երկար ժամանակ գործում է «Մարտիկ» հիմնադրամը, որը քաղաքացիների կամավոր նվիրատվություններ է հավաքում: Հիմնադրամից, նախագահի թույլտվությամբ, ծախսելու իրավունք ունեն միայն պաշտպանության նախարարն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Այդ բոլոր տարիներին հիմնադրամ միայն քիչ միջոցներ են ստացվել` մի քանի միլիոն դոլար, սակայն պետությունը դա չի համարում բանակի ֆինանսավորման առաջնահերթ աղբյուր:
«Հայտարարել, թե բանակը պետականից բացի այլ ֆինանսավորման կարիք ունի, նշանակում է առիթ տալ ենթադրելու, թե մենք բանակի փող չունենք: Առանց այդ էլ Ադրբեջանից մշտապես հայտարարություններ են հնչում, թե Հայաստանում փող չկա, շուտով մարդ էլ չի մնա: Տպավորություն է, թե Ադրբեջանում բոլոր, Իմիշլիից մինչեւ Աղստաֆա ապրում են առատության մեջ, իսկ Հայաստանում մարդիկ առավոտից երեկո հաց են որոնում: Ուստի թող բոլորն իմանան, որ մեր պաշտպանական ծախսերը մենք կարող ենք կրել: Այո, մենք մեծ բանակ ունենք, միգուցե ավելի մեծ, քան եվրոպական որոշ երկրներ միասին վերցրած: Բայց դրա պատճառը մեր դեմ ծառացած անվտանգության խնդիրներն են»,- նկատել է Սերժ Սարգսյանը:





























