Ռուսաստանի քաղաքացիներ Վ. Գորելովը եւ Ա. Խասունը, որոնք 2012թ. դեկտեմբերի 12-ին պատանդառվել էին սիրիացի ծայրահեղականների կողմից, փետրվարի 3-ին ազատ են արձակվել՝ գրոհայինների հետ փոխանակվելու միջոցով: Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը տեղադրված է գերատեսչության կայքում::
Ռուսաստանցիներն արդեն տեղափոխվել են Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատուն, նրանք ողջ-առողջ են, իրենց նորմալ են զգում: Նրանց հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ընձեռվել:
Ռուսաստանցիների հետ առեւանգված Իտալիայի քաղաքացի Մ. Բելուոմոն Սիրիայի ԱԳՆ-ի միջոցով կհանձնվի Իտալիայի պաշտոնական ներկայացուցիչներին:
«Մեր քաղաքացիների առեւանգման պահից սկսած Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը համառորեն ձգտում էին նրանց ազատմանը: Սիրիայի կառավարության, ինչպես նաեւ տարբեր ընդդիմադիր կառույցների ներկայացուցիչների հետ ինտենսիվ կապեր են հաստատվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռուսաստանցիների եւ իտալացու առեւանգման մասին նախապես հայտնել էր Իտալիայի արտգործնախարարությունը, ավելի ուշ տեղեկությունը հաստատել էին Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատանը: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալների` բոլոր երեք պատանդներն էլ Հոմս քաղաքի մոտակա Խասիա արդյունաբերական գոտում գտնվող «Հմիշո եւ Կո» պողպատաձուլական ընկերության աշխատակիցներ էին:





























