Որոշակի ներքաղաքական լարվածություն գոյություն ունի, որի վառ վկայությունը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն է: Այս մասին, այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը:

Նրա խոսքով` Հայրիկյանի մահափորձի գործով կան որոշակի մութ պահեր սկսած զենքի ընտրությունից, ավարտած կատարման որակով: «Հարգելով Պարույր Հայրիկյանին, այդուհանդերձ, ինձ հավանական չի թվում, որ դա Ռուսաստանի կողմի դավադրությունն է, ինչպես պնդում է նախագահի թեկնածուն: Ըստ էության դա կնշանակեր, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատանքի որակը լրջորեն ընկել է»,-ասաց Պապյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ռուսական կողմն ըստ արժանվույնս չի արձագանքել մահափորձին, իսկ դա նշանակում է, որ Հայրիկյանի հայտարարությունը, ըստ որի կատարվածի պատասխանատվությունն ընկնում է ռուսական իմպերիալիզմի վրա, լուրջ չի ընդունվում:

Այսպիսով, ըստ նախկին դիվանագետի, ռուսական հատուկ ծառայությունների կողմից դավադրության վարկածը բացառվում է: «Պատվիրատուին փնտրեք Հայաստանի ներսում: Երբ Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ կրակել են «Նագանից», ապա իմացեք, որ ոչ մի լուրջ կազմակերպություն իր մարդուն չի ուղարկի հանձնարարության 60-ամյա հնության զենքով: Իսկ թե ում էր ձեռնտու հայրիկյանի մահափորձը, բարդ հարց է, սակայն դա ձեռնտու էր շատերին, ոչ թե մեկ ուժի»,-ասաց Պապյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am