Հայոց ցեղասպանության 100-ամյակը չի կարելի համարել Թուրքիայի կողմից ճանաչման վերջին հույսը: Այդ մասին, փետրվարի 4-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Արարատի մարզի Մասիս քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Սարգսյանի խոսքով` նույնիսկ եթե Անկարան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը պետք է նոր ուժով շարունակի արշավը: «Այդ նպատակին պետք է ուղղել մեր դիվանագիտական կորպուսի ողջ աշխատանքը: Այդ հարցում միասնականություն պետք է լինի նաեւ մեր հասարակության մեջ: Իհարկե, Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարեւոր փուլ է: Այնքան կարեւոր, որ իրենք` թուրքերն են խոսում այդ մասին, որ սպասում են «հայկական ցունամիին»: Բայց դա չի նշանակում, որ եթե 100-ամյակին չճանաչեն, մենք պետք է թողնենք ձեռքերը: Եթե ճանաչեն, դա կողջունենք, եթե ոչ, կշարունակենք չդադարող պայքարը»,- ասել է Սարգսյանը: