Բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները հերթական անգամ ամփոփվել են 2013 թ. փետրվարի 4-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 19532 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 16898-ին պարզաբանվել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու եւ իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2634-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Արդյունքում՝ 04.02.2013 թ. դրությամբ 1936 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1541 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով եւ ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաեւ այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 եւ ավելի քաղաքացիներ:

Ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 12173 հասցեներ, որոնցից 823-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ:

Բնակարանների սեփականատերերին պարզաբանվել են  տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու եւ իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության եւ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները:

Ռեգիստրում տվյալների ճշգրտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: