Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր անցկացրել է հերթական բաց դռների օր, որին մասնակցող 100-ից ավելի քաղաքացիների մեծամասնությունը տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ էին: Պայմանավորված հետաքրքրություն հայտնած քաղաքացիների մեծ քանակությամբ` հանդիպումն անցկացվել է երկու խմբով: Քննարկվել են 2013թ. փետրվարի 18-ի երկրի նախագահի ընտրություններին առնչվող հարցեր, մասնավորապես` հստակեցվել են քվեարկության օրվա հետ կապված ընթացակարգերն ու ընտրական իրավունքի` օրենսդրությամբ ամրագրված իրացման մեխանիզմները:

Հայաստանի ԿԸՀ ախագահ Տիգրան Մուկուչյանը եւ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, անդրադառնալով ԿԸՀ համացանցային կայքի հնարավորություններին, քաղաքացիներին են ներկայացրել կայքի` նոր ծառայությամբ համալրված բաժինը, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու միեւնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալներին:

Հանդիպման ավարտին բանախոսները, շնորհակալություն հայտնելով ներկաներին ընտրական գործընթացների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, եւս մեկ անգամ կարեւորել են քաղաքացիների ակտիվ մասնակցությունը գալիք ընտրություններին: