Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի ենթարկվելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինս հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը: Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանը ճանաչվել է տուժող: Արծվին Բաղրամյանի խոսքով` միջադեպի բոլոր վարկածների վերաբերյալ տարվում են օպերատիվ քննչական աշխատանքներ, բոլոր վարկածները ստուգվում են: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: