Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր` փետրվարի 4-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Բաղդասարյանը նախ շնորհավորել է O. Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով արգասաբեր աշխատանք, ապա վստահություն հայտնել, որ Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու եւս արդյունավետ ընթացք կունենա եւ Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երեւանի եւ Ստարսբուրգի միջեւ համագործակցությունը:
Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ իր առաքելության շրջանակում առավելագույն ջանքերը կգործադրի ԵԽ-ում Հայաստանի նախագահության եւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների եւ գերակա ուղղությունների վերաբերյալ:





























