ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձից  հետո սկսվելու է կոշտ ընտրապայքարը՝ սեւ փիառի տարրերի կիրառմամբ:  Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ շեշտելով, որ անտեսելու փուլից դուրս ենք եկել, հասել ենք մրոտելու փուլին, իսկ դրան հաջորդելու է ճշմարտության բացահայտման փուլը: 

Նա նշեց, որ քարոզարշավը կասեցրել է ընտրողներին չխաբելու համար, հանդիպումներ չի անում, որովհետեւ գիտի, որ մինչեւ ընտրությունները օրինականությունը չի ապահովվել եւ ընտրություններին էլ կեղծիքներ կլինեն:  Արման Մելիքյանի կարծիքով՝ հիմնական կեղծարարն իշխանությունն է եւ դրա առանցքը կազմող ՀՀԿ-ն:  Նախագահի թեկնածուն շեշտեց, որ շարունակելու են խոսել այդ գործընթացների մասին, հետեւելու են զարգացումներին, թե ինչպես է աշխատում իշխանությունը: 

Նախագահի թեկնածուն նշեց, որ եթե ապահովված լինի ընտրությունների օրինականությունը, ապա ինքը կմտնի վերջնական փուլ, եթե ոչ` կհայտարարեն, որ ընտրությունները կեղծված են:

Իր թեկնածությունը հանելու խնդրին նա խոստացավ անդրադառնալ ավելի ուշ, բայց մեկ բան հստակ է, փետրվարի 8-ին նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի հետ նրան չենք տեսնի ԿԸՀ-ում՝ թեկնածությունը հանելիս, քանի որ չի մասնակցում քաղաքական հուսալքության ակտերին:

Արման Մելիքյանն ահազանգեց, որ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում, այցելել են նաեւ Աջափնյակում բնակող նրա մոր տուն, տվյալներ են հավաքում, թե ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձեւաթղթերի մեջ հարց կա նաեւ, թե արդյոք ընտրողը ձայնը տալու է Հայաստանի նախագահ, թեկնածու Սերժ Սարգսյանին: Այդ խնդիրը նա պատրաստվում է բարձրաձայնել թե ԿԸՀ-ի, թե դիտորդների առաջ: