ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար  տարօրինակ կլինի, եթե մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գոնե երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու հարցով չդիմի Սահմանադրական դատարան:  Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Նա նշեց, որ այս երկուշաբաթյա ժամկետը պահանջ էր կազդուրվելու համար, եթե այդ բանը չի արվում, ուրեմն ճնշումներ են եղել: «Ես տեսա, որ տարատեսակ շահեր ներկայացնող անձինք փորձում են համոզել, որ ինչ իմաստ ունի, ինչի համար է դա անհրաժեշտ: Թող Հայրիկյանը որոշի առանց արտաքին ճնշումների»,- ասաց Արման Մելիքյանը:

Հայրիկյանի հետ կատարված միջադեպը նա քարոզարշավ չի համարում: «Սա ծրագրերի քարոզարշավ չէր, սա խղճահարության քարոզարշավ էր, վստահ եմ, որ Պարույր Հայրիկյանն այնպիսի կորովի անձնավորություն է, որ կուզենար, որ իրեն խղճալով չընտրեին»,- ասաց նա:

Նշենք, որ մոտ մեկ ժամից պարզ կդառնա՝ Պարույր Հայրիկյանը կդիմի՞ ՍԴ ընտրությունները հետաձգելու պահանջով , թե` ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: