Մահափորձը ահաբեկչական նպատակ էր հետապնդում, հետեւաբար Պարույր Հայրիկյանը բացառում է նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով ՍԴ դիմելու հնարավորությունը: Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այդ մասին ասել է այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հիվանդանոցի միջանցքում ունեցած զրույցում:
«Այս մահափորձը ահաբեկչական նպատակ էր հետապնդում, հետեւաբար բացառվում են նոր ընտրությունները»,- նշեց նա: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների երկշաբաթյա հետաձգմանը, Պարույր Հայրիկյանը նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել, առաջիկայում իրենք կհայտնեն իրենց վերջնական որոշումը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Հայրիկյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնել հանդիպման, սակայն նշել է, որ վերադառնալու է բուժման կուրսը շարունակելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Նախագահի թեկնածուն այսօր կհայտարարի` դիմում է ՍԴ նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով, թե` ոչ: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: Պարույր Հայրիկյանին հարցաքննել եւ գործով տուժող են ճանաչել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























