Ասլան Ուսոյանի սպանությունից հետո Ռուսաստանում զգուշանում են հանցախմբերի միջեւ պատերազմներից, գրում է The Guardian-ը: «Մրցակցող կլանները ձգտում են տիրանալ  հզոր մաֆիոզի հսկայական կայսրությանը, այդ թվում՝ Սոչիի անշարժ գույքի էլիտար օբյեկտներին», - գրում է լրագրող Միրիամ Էլդերը, որը եղել է Սոչիում:

Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ Սոչիի հանդեպ հանցագործների հետաքրքրվածությունը երկրաչափական պրոգրեսիայով աճում է այն պահից, երբ քաղաքը Օլիմպիադայի անցկացման իրավունք նվաճեց: Ռուսաստանը Օլիմպիադա-2014-ին մտադիր է ավելի քան 32,3 մլրդ ֆունտ ծախսել:

Ըստ թերթի տվյալների, Դեդ Հասանն այնտեղ ասես նահանգապետ լիներ, պարզապես՝ քրեական աշխարհից:

Ուսոյանը շատ հյուրանոցների եւ ռեստորանների «նայողն էր»: «Բոլորը սպասում են, թե ինչ կլինի հետո: Վստահ եմ, ինչ-որ բան կկատարվի: Չափազանց մեծ փողեր են հանգիստ մնալու համար», - անանուն աղբյուրի խոսքերն է մեջբերում լրագրողը:

Վերջերս Բաքվում կալանավորել էին Ռովշան Ջանիեւին (կա վարկած, որ նա էր պատվիրել Ուսոյանի սպանությունը):  Հնարավոր է, Ջանիեւի բանտարկությունը ցույց է տալիս, որ հատուկ ծառայությունները ցանկանում են կանխել Ռուսաստանի հզոր քրեական աշխարհի ընդգրկուն հակամարտությունը», - գրում է Էլդերը:

Ռուսաստանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ տեղի մաֆիան 1990-ականների հետ մնացել է անցյալում, նշում է հեղինակը: 2008թ. նախագահ Մեդվեդեւը հանել էր ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը:

 «Մենք մտածեցինք, թե դա կատակ է: Ռուսաստանում չկա մի ընկերություն, որ ինչ-որ մեկի «ենթակայության տակ» չլինի», - ասել է գերատեսչության նախկին աշխատակիցը, որը ցանկացել էր անանուն մնալ: Աղբյուրն ակնարկել է, որ բոլոր մակարդակների մաֆիոզները այժմ ԱԴԾ-ի աշխատակիցների բարձր հովանու ներքո են գտնվում: