Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակվում են օպերատիվ քննչական գործողությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատադրոշմային, իսկ Պարոււր Հայրիկյանը ճանաչվել է տուժող: Նրանք իրավապահ մարմինների աշխատանքը գնահատել են դրական: Այլ մանրամասներ փաստաբանը չհաղորդեց՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է  ընթանում:

Պարույր Հայրիկյանի կուսակից ընկերը՝ Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ մինչեւ այսօր չգիտեն, թե իրավապահ մարմինները ինչ վարկածներ են առաջ քաշել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am