Սահմանադրության 52-րդ հոդվածը տարանջատում չի դնում նախագահի թեկենածուների միջեւ եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով, եթե կարծում է, որ անհաղաթահարելի խոչընդոտներ են առաջացել թեկնածուներից մեկի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, հավելելով, որ թեեւ իր պաշտպանյալը որոշել է չդիմել ՍԴ, սակայն մյուս թեկնածուները կարող են անել դա:
Նրա կարծիքով՝ մյուս թեկնածուների համար անհաղթահարելի խոչընդոտ չի առաջացել, անհաղթահարելի խոչընդոտ առաջացել է Հայրիկյանի համար, ով, սակայն, չի դիմում ՍԴ, որպեսզի չշահարկի:
Պարույր Հայրիկյանի կուսակից ընկերը՝ Կարո Եղնուկյանը, եւս նշեց, որ կարող են մյուս թեկնածուները դիմել ՍԴ, քանի որ օրենքը որեւէ սահմանափակում չի դնում թեկնածուների միջեւ եւ կապ չունի, թե որ թեկնածուն է դիմում բարձրագույն ատյան: Կմիանան իրենք մյուս թեկնածուներին՝ ՍԴ դիմելու հարցում, թե` ոչ, առայժմ հայտնի չէ, կախված է նրանից, թե որն է լինելու պահանջը եւ փաստարկները:
Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներում մյուս թկենածուներն իրենց դիրքորոշումը կհայտնեն, իսկ ոստիկանությունը կտրամադրի տվյալներ քրեական գործի վերաբերյալ:
Կարո Եղնուկյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Պարույր Հայրիկյանի վարկանիշն այս միջադեպի հետեւանքով առանձնապես չի աճել:
Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























