Վրաստանի նոր կառավարության ամենամեծ ցանկությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Վրաստանի նոր կառավարության ամենամեծ ցանկությունն ու նպատակն իր մեծ հարեւանների, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է», ասել է նա, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Ընդդիմադիր դարձած «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները բազմիցս են ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիային մեղադրել «Վրաստանին Ռուսաստանի ուղեծիր վերադարձնելու» ցանկության մեջ: Նոր կոալիցիայի առաջնորդները հայտարարել են, որ երկրի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններն անփոփոխ են մնացել: Իվանիշվիլին հայտարարել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները համատեղել երկրի` եվրանտլանտյան ուղղության հետ:
Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել է 2008 թվականի օգոստոսին, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Վրաստանի նոր կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին:





























