Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը բավական տարօրինակ է: Այսօր` փետրվարի 5-ին, նման տեսակետ է հայտնել Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը` Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:
Տարօրինակությունների շարքում նա նշել է այն հանգամանքը, թե ինչպիսի օպերատիվությամբ ի հայտ եկան դեպքի վայրում արված լուսանկարները: Քաղաքագետն ընդգծել է, որ միջադեպն ինքնին ոչ ոքի ձեռնտու չէր, եւ առաջին հերթին՝ Հանրապետական կուսակցությանը, որի առաջնորդը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է՝ նախընտրական մրցապայքարի առաջատարը: Անդրեյ Արեշեւի գնահատմամբ՝ միջադեպը ձեռնտու չէր նաեւ ընտրապայքարից հրաժարված ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին:
Սակայն այն, որ միջադեպը ձեռնտու չէր, դեռ չի նշանակում, թե չի օգտագործվի, հավելել է քաղաքագետը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք անձանց, այդ թվում՝ հենց Հայրիկյանի՝ «Մոսկվայի հետքը» գտնելու ինտենսիվ որոնումներին:
«Դժվար է լուրջ վերաբերվել նման պնդումներին, ԿԳԲ-ն եւ ԽՍՀՄ-ը վաղուց գոյություն չունեն, իսկ Հայաստանի եւ նախկին խորհրդային երկրների հանդեպ ՌԴ քաղաքականությունը առաջին հերթին բնութագրվում է ներքաղաքական գործընթացներին չմիջամտելով», - նշել է Արեշեւը:
Քաղաքագետը հիշեցրել է Արեւմուտքի, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, այլ կազմակերպությունների, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի քննադատական դիտողությունները նախընտրական քարոզարշավի վերաբերյալ, անգամ՝ անուղղակի փաստերը, այն է՝ ԱՄՆ-ի նանհանգներից մեկի կողմից «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումը:
Ըստ նրա՝ դա կարելի է գնահատել որպես ճնշում գործադրելու փորձ: Անդրեյ Արեշեւի խոսքով, Հայաստանում եւ կամ տարածաշրջանի այլ երկրներում իրավիճակն ապակայունացնելու փորձերը կշարունակվեն, եւ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է դա: Դրա վկայությունը քաղաքագետը համարում է անվտանգության ամրապնդելու քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցությունը: Այնուամենայնիվ, նշել է Անդրեյ Արեշեւը, մահափորձի այդ միջադեպը ընտրությունների գործընթացը չի ապակայունացնի:





























