Իրակլի Ալասանիան չի համապատասխանում նախագահ լինելու չափանիշին: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` նշելով, որ դա իր անձնական տեսակետն է  եւ թիմը կարող է այլ որոշում ընդունել:

Իվանիշվիլին համաձայն չէ, որ Իրակլի Ալասանիան մոտ ժամանակներս կանցնի ընդդիմադիր դաշտ` թեեւ համարում է, որ դա նրա իրավունքն  է: «Ալասանիան, իհարկե, ինչպես Վրաստանի բոլոր քաղաքացիները, իսկ դուք գիտեք, որ ես ժողովրդավար եմ, իրավունք ունի ընտրել իր ուղին եւ, եթե որոշի  դուրս գալ կոալիցիայից, ապա դա նրա իրավունքն է»,- նշել է նա` ընդգծելով, որ այդ դեպքում Ալասանիան ստիպված կլինի  պահպանել որոշակի իրավունքներ եւ դուրս գալ կոալիցիայից ու շարժվել իր ուղիով, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

«Բայց ես համարում եմ, որ Ալասանիան չի համապատասխանում նախագահ լինելու չափանիշին, այդպես ես եմ կարծում,  բայց եթե մեր թիմում այլ կերպ կհամարեն, այդ ժամանակ կտեսնենք»,- նշել է վարչապետը: Իվանիշվիլին նախագահի պաշտոնին տեսնում է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեի ղեկավար Վախթանգ Խմալաձեին: