Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է պայքարը։ Այդ մասին, այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, թե չի դիմելու ՍԴ ընտրությունները հետաձգելու հարցով, Արմեն Գրիգորյանը նշեց.  «Մենք շարունակելու ենք պայքարը, Անդրիասը շարունակելու է հացադուլը, կպայքարենք նոր մեթոդներով»։

Դիտարկմանը, թե Հայրիկյանն ասում է, որ կարող են մյուս թեկնածուները դիմել ՍԴ, շտաբի համակարգողն արձագանքեց. «Ամենամեծ հնարավորությունը Հայրիկյանն ուներ եւ ինքն էլ կարող էր դիմել։ Պոստֆակտում դիմել մնացած թեկնածուներին եւ ասել, թե կարող են առաջարկել, ընդամենն իրավիճակային հայտարարություն է։ Դժվար է ասել, թե մնացած թեկնածուներն ինչպես կարձագանքեն, քանի որ ունեն պայքարի իրենց միջոցները»։

Ըստ Արմեն Գրիգորյանի, քանի որ քաղաքական վիճակը փոխվել էր, եւ ստեղծվել էր նոր հնարավորություն, Անդրիաս Ղուկասյանը դրա համար էր կոչով դիմել է Պարույր Հայրիկյանին՝ դիմել ՍԴ` նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am