NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիացի լրագրող Պետր Սմոլյարի հոդվածը` հրապարակված բրիտանական Guardian Weekly-ում: 

«Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը երազում է խաղաղ զարգացման մասին վերջին 20 տարիների ընթացքում: Բայց նրա ապագային հետապնդում են մեծ անորոշությունները` կապված չկարգավորված ղարաբաղյան հակամարտության հետ, որում Հայաստանը դիմագրավում է հարեւան Ադրբեջանին:

Սակայն, կարծես, մեծ կասկածներ չկան փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Բոլոր կետերով ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Խորհրդային նախկին բոլոր հանրապետություններում գործող ղեկավարը վճռորոշ առավելություն ունի, նա վերահսկում է պետական ապարատը ոչ միայն ազգային, այլեւ տեղական մակարդակներում, ինչը թույլ է տալիս մոբիլիզացնել ընտրողներին: Այս դեպքում ընդդիմության տարբեր թեկնածուներ դուրս մնացին պայքարից, ինչը Սարգսյանի կյանքն ավելի հեշտացրեց:

Դեկտեմբերին նախկին նախագահ, 68-ամյա Լեւոն տեր-Պետրոսյանը հանձնվեց իբր տարիքի պատճառով, ինչը զարմանք էր առաջ բերել: Նրա կուսակցությունը` Հայ ազգային կոնգրեսը, որոշեց չաջակցել ավելի երիտասարդ թեկնածուի` նախընտրելով դատապարտել ընտրությունները, թե դրանք արդեն կեղծված են: «Տեր-Պետրոսյանը գիտեր, որ իր հավանական պարտությունը քաղաքական կարիերայի ավարտ կնշանակի, ուստի այլընտրանք չուներ»,- ասել է Ահարոն Ադիբեկյանը` «Սոցիոմետր» ինստիտուտի ղեկավարը, ով պնդում է, թե Սերժ Սարգսյանը բոլորից առաջ է առնվազն 25 տոկոսով:

2008թ. Տեր-Պետրոսյանը պարտվեց, ինչը հարուցեց դաժան բախումներ նրա կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ, հայտարարվեց արտակարգ դրություն: Ռեժիմը նրան մեղադրեց իշխանությունն ուժով զավթելու փորձի, նաեւ 10 ցուցարարների մահվան մեջ: Այս անգամ Տեր-Պետրոսյանը որոշեց խուսափեռլ բախումից:

Ոչ ոք չի ներկայացնի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թեպետ այն զբաղեցրել էր երկրորդ տեղը  մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում: ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը  նույնպես որոշեց չմրցակցել նախագահի հետ: Մյուս թեկնածուները, այդուհանդերձ մրցակցելու են, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանը` անկախացումից հետո երկրի առաջին արտգործնախարարը:

Նա եղել է փարիզում հունվարի 17-ին` բանակցելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դինավագիտական խորհրդականներից մեկի` Պոլ Ժան-Օրտիսի հետ: «Մենք լողում ենք հոսանքին հակառակ: Մարդիկ ճակատագրապաշտ են»,- ասել է նա եւ հավելել. «Դա ընտրությունների կեղծման նախկին փորձի եւ բացարձակ անարդյունավետ եվրոպամետ ելույթների պատճառով է»:

Ամերիկայում ծնված Հովհաննիսյանը «տարօրինակ» է համարում, որ մյուս կուսակցությունները հրաժարվեցին պայքարից, սակայն վստահ է, որ ինքը շանս ունի, եթե անցնի երկրորդ փուլ: Նա հեռուստատեսային բանավեճեր է պահանջում: Հովհաննիսյանը նաեւ պնդում է, որ իր կողմնակիցներին մարզերում ահաբեկում են եւ դիմել է նախագահին` նման արարքներում պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու կոչով:

Բացի տնտեսական խնդիրներից, ընտրական արշավի ուշադրությունը կենտրոնացած է նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտության կարգավորման գործընթացների վրա»: