Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, այսօր` փետրվարի 6-ին, ժամը 15.00-ին պետք է կայանար քաղխորհրդի նիստ, որի ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը պետք է ներկայացներ ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթը: Նշված ժամին ՀԱԿ գրասենյակ էին ժամանել միայն Պետրոս Մակեյանը եւ «Քրիստոնեական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը (ֆոտոռեպորտաժ):
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի քարտուղարուհին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր ՀԱԿ նիստ չի լինելու, որովհետեւ ԱԺ-ում քառօրյա է եւ ՀԱԿ խմբակցությունը մասնակցում է քառօրյայի աշխատանքներին: Պետրոս Մակեյանը եւ Սոս Գիմիշյանը զարմացած էին, որ ՀԱԿ նիստ չի լինելու: Նրանք մի քանի լրագրողի հետ զրույցում նշեցին, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ եթե քառօրյայի օրերին ՀԱԿ նիստ չի լինում, այդ մասին անպայման բոլորին տեղեկացնում են:
Հատկանշական է, որ ՀԱԿ գրասենյակի դիմաց, երբ մի քանի լրագրողներ զրուցում էին Պետրոս Մակեյանի եւ Սոս Գիմիշյանի հետ, գրասենյակ ժամանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Լրագրողների աչքի առաջ Լեւոն Զուրաբյանը եւ Պետրոս Մակեյանը զրույց ունեցան, եւ ինչպես Լեւոն Զուրաբյանը նշեց, նա առաջին անգամ է տեսնում Պետրոս Մակեյանին լրատվամիջոցներում արված հայտարարություններից հետո:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ պայմանավորվածություն կա, որ քառօրյայի օրերին ՀԱԿ նիստեր չեն լինում, հետեւաբար զարմացավ, թե ինչու պետք է այսօր նիստ լիներ: Պետրոս Մակեյանն ընդունեց, որ իսկապես նման պայմանավորվածություն կա, սակայն ասաց, որ Զուրաբյանը պայմանավորվածության մյուս հատվածը չի ասում, որի համաձայն, եթե ԱԺ քառօրյայի օրերին կարեւոր հարց կա քննարկման, ապա ՀԱԿ նիստերի օրերը պետք է տեղափոխվեն ու այդ մասին պետք է զեկուցվի: Սակայն Լեւոն Զուրաբյանը նման պայմանավորվածություն չհիշեց:
Մանրամասներն` առաջիկայում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























