Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլեւ՝ աղքատության հաղթահարման, ազգային անվտանգության, երկրի մրցունակության եւ միջազգային վարկանիշի երաշխավորն է: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, իր նախընտրական ծրագիրը ներկայացնելով ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ միայն մտավորականության արտահոսքի հետեւանքով Հայաստանն ավելի քան 20 մլրդ դոլար է կորցրել:

Հովհաննիսյանի խոսքով՝ գիտության վերականգնման համար այդ ոլորտում բարեփոխումների անցկացում է անհրաժեշտ, ինչպես նաեւ պետբյուջեից ֆինանսավորումը 2020թ. կկազմի ՀՆԱ-ի 3%: Անդրադառնալով կրթության ոլորտին՝ նա նշել է, որ հարկ է պետբյուջեից կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ի մակարդակի: «Անհրաժեշտ է վերականգնել երբեմնի փառքը եւ մանկավարժների նկատմամբ հարգանքը՝ զգալի բարձրացնելով նրանց աշխատավարձը, ինչը կհանգեցնի նրան, որ ոլորտ կվերադառնան տղամարդ մանկավարժները»,- նշել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, ապա նախագահի թեկնածուն նշել է, որ ազատ զարգացման համար այդ բնագավառում եւս օրենսդրական փոփոխություններ են հարկավոր: «Անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք մշակութային կապը, ինչպես նաեւ ամրապնդել միջազգային մշակութային կապերը Հայաստանում: Հայաստանի բոլոր դեպանատներին կից կստեղծվի մշակույթի հարցերով կցորդի ինստիտուտը»,- նշել է Հովհաննիսյանը: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տպագիր մամուլը եւ հրատարակչություններն աշխատում են փոքր տպաքանակով եւ  համապատասխան  եկամուտով, եւ այն, որ ազգային փոքրամասնությունները եւս ազգային մշակույթի զարգացման կարիք ունեն, Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում տպագիր մամուլն ազատել ավելացված արժեքի հարկից:

Անդրադառնալով առողջապահության բնագավառին՝ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ պետք է վերանայել անվճար բուժօգնության տրամադրումը կարգավորող օրենսդրությունը, դեղորայքի բաշխումը:  Անհրաժեշտ է  անվճար բուժօգնություն տրամադրել ծերերին,  միակողմանի ծնողազուրկ ընտանիքներին, պատերազմի վետերաններին եւ նրանց ընտանիքներին, հաշմանդամներին եւ կարիքավորներին:

Ըստ Հովհաննիսյանի՝ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը 50%-ով սուբսիդավորի գյուղատնտեսական վարկերը:  Պետությունը նաեւ պետք է 70-80%-ով, որոշ դեպքերում՝ նաեւ 90%-ով սուբսիդավորի գյուղացիներին ոռոգման ջրի օգտագործման հարցում: Ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքների պետական հարկերը պետք է ավելանան հինգ անգամ: