Գործադիր իշխանության բոլոր կառույցներին հստակ հանձնարարություններ են տրվել, որ Հայաստանում չգրանցվի որեւէ նման դեպք, իսկ այն պաշտոնյաները, ովքեր մեղավոր կլինեն դրանում, կպատժվեն: Այս մասին, այսօր` փետրվարի 6-ին, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիտարկմանը, թե բոլոր 10 մարզերում անձնագրի տվյալներ են հավաքում բնակչությունից, որոնք ուղեկցվում են ֆինանսական խոստումներով կամ ճնշումներով:
Հակոբյանը նաեւ նշել է, որ դպրոցներում ծնողական ժողովներ են անցկացվում, որտեղ գործող նախագահի օգտին քարոզարշավ է իրականացվում, վարչական ռեսուրսն է գործի դրվել: «Ես չեմ ուզում Ձեզանից ստանդարտ պատասխան լսել, որ նման դեպքերում անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին, ինքներդ գիտեք, որ դա իրատեսական չէ»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա, ըստ Տիգրան Սարգսյանի, ԿԳՆ-ին համապատասխան հանձնարարություններ են տրվել` հետեւել ուսումնական հաստատություններին` բացառելու համար նման երեւույթները: «Մեզ արջի ծառայություններ պետք չեն եւ խորհրդարանում գտնվող բոլոր պատգամավորները հրաշալի գիտեն դա: Մենք վճռական ենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հարցում: Մենք պարտավոր ենք ամեն բան անել` նման երեւույթները բացառելու համար»,-ասել է վարչապետը:





























