ԴԱՀԿ աշխատակիցը այս պահին գտնվում է «Առաջին լրատվական»-ում եւ փորձում արգելանք դնել լրատվականի եւ «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունների գույքի վրա:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Առաջին լրատվականի» խմբագրությունից: 

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ այս պահին ԴԱՀԿ աշխատակից Գագիկ Սախոյանի գործունեությունն անօրինական է, քանի որ նախ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ն որեւէ առնչություն չունի իրենց կողմից վիճարկվող հոդվածների հետ, հետեւաբար փաստաբանը պետք է ուսումնասիրեր, թե տվյալ հոդվածը որ ընկերության կողմից է տպագրված, հետո նոր նման պահանջ ներկայացներ դատարան: Երկրորդ, խմբագրությունը որեւէ որոշում չի ստացել, այնինչ իրենք պարտավոր էին նախ որոշումը ուղարկել, հետո նոր կատարել որոշակի գործողություններ:

«ԴԱՀԿ աշխատակցի գործողություններն անօրինական են նաեւ այն պատճառով, որ ընկերության կողմից օգտագործվող տարածքը այլ անձի սեփականություն է, իսկ գույքը չի հանդիսանում ընկերության սեփականությունը, որի վերաբերյալ պատշաճ ապացույցները կներկայացվեն: Սակայն հարկադիր կատարողը չհամաձայնեց սպասել՝ ասելով, որ ինքը կարող է արգելանք դնել, հետո նոր մենք դիմենք դատարան»,- պարզաբանել է Ն. Բաղդասարյանը:Հիշեցնենք, որ նման պահանջով դատարան է դիմել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդի Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Ա. Մելիքբեկյանը:

Վերջինս պահանջել է հերքել Քոչարյանների «պատիվը եւ արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները եւ վնասի հատուցման համար լրատվական ընկերությունից գանձել 5 մլն դրամ՝ միաժամանակ միջնորդելով կալանք դնել գույքի ու դրամական միջոցների վրա:

Դատարանը հունվարի 15-ին որոշել է Քոչարյանների ներկայացուցչի հայցը մասնակի բավարարել՝ 5 մլն դրամ արգելանք դնել ընկերություններին պատկանող գույքի վրա, իսկ դրամական միջոցների արգելանքի մասով մերժել է: