Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ որեւէ խոսակցություն չի եղել թեկնածությունը հանելու եւ մյուսին սատարելու մասին: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե ընդդիմադիր թեկնածուների միջեւ նման պայմանավորվածություն կա:
Թեկնածուն նշեց, որ հրապարակային հանդիպումներ են եղել իր, Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ, իսկ Հայրիկյանի դեմ մահափորձից հետո` իր ու Բագրատյանի միջեւ, քննարկվել են համագործակցության հարցեր, սակայն «որեւէ խոսք չի եղել թեկնածությունը հանելու մասին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին` նշելով, որ « սկզբունքներին պետք է հասնել ոչ թե մահով, այլ ապրելով ու պայքարելով»: «Որպես այս հարցում որոշակի հետագիծ ունեցող մարդ՝ ես կոչ եմ անում Անդրիասին դուրս գալ հացադուլից, քանի որ սկզբունքին պետք է հասնել ոչ թե մահով, այլ ապրելով ու պայքարելով»,- նշեց նա` հավելելով, որ Անդրիասի հետ որոշ հարցերում համակարծիք է, որոշներում` ոչ, սակայն նա արդեն իր պատգամը հասցրել է ժողովրդին. «Երբ նրան հանդիպեցի, նրա աչքերի մեջ ինձ հիշեցի իմ հացադուլի 15-րդ օրը»:





























