Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատված նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը նորմալ է: Նրա ընկեր, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիշերը երկու անգամ ցավազրկող դեղամիջոց են ներարկել, ինչը թույլ է տվել ավելի հանգիստ քնել: «Դա իր համար չափազանց շատ է, ինքը նույնիսկ ասպիրին չի խմում»,- ասաց նա, հավելելով, որ բժիշկներն ասել են, որ երկու օր ընդհանրապես դուրս չգա հիվանդանոցից, իսկ դուրս գրվելու մասին դեռեւս խոսք չկա:
Կարո Եղնուկյանից փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տարածված տեղեկությունները, թե երեկ գիշերը ձերբակալել են Հայրիկյանի վրա կրակող անձին, նա նշեց, որ իրենք են լսել այդ մասին, բայց ավել տեղեկություն չունի, մանրամասներ չեն հաղորդել: «Ես գիտեմ այնքան, ինչքան դուք գիտեք, որ ձերբակալված կա եւ ոնց որ թե մի հոգու մասին չէ խոսքը»,- ասաց նա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն ասաց, որ նախագահի թեկնածուի առողջական վիճակը ավելի լավ է, ֆիզիոթերապեվտիկ միջոցառումները շարունակվում են, վաղը պարզ կլինի, թե երբ են նրան դուրս գրում: Բժիշկը նաեւ նշեց, որ Հայրիկյանը իմացել է, որ բռնել են կրակողին, եւ այսօր համեմատաբար հանգիստ է:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե երեկ երեկոյան ձերբակալվել է այն անձը, ով կրակել է Պարույր Հայրիկյանի վրա: Առայժմ իրավապահ մարմինները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























