Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օրինագիծ է մշակել, ըստ որի` այլ երկրներից ժամանած եւ ռուսական քաղաքացիություն ստացած բոլոր երիտասարդները պարտավոր են ծառայել ռուսական զինված ուժերում:
Ըստ օրինագծի՝ զորակոչման ենթակա են մինչեւ 27 տարեկանը ՌԴ քաղաքացի դարձած բոլոր տղամարդիկ, նույնիսկ եթե նախկինում նրանք արդեն ծառայել են իրենց երկրի բանակում: Բացառություն կարվի միայն այն երկրներից գնացածների դեպքում, որոնց հետ Ռուսաստանը կնքել է համապատասխան միջազգային պայմանագրեր՝ Տաջիկստանի եւ Թուրքմենստանի, գրում է lenta.ru-ն:
«Բոլոր նրանք, ովքեր ռուսական քաղաքացիություն են ստացել, այս պահից սկսած պետք է գործեն արդեն մեր իրավական դաշտի շրջանակում, այդ պատճառով էլ օրինագիծը տրամաբանական է, - հայտարարել է Հասարակական պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կանշինը: Որպես օրինակ Կանշինը բերել է այն ռուսաստանցիներին, որոնք տեղափոխվում են Իսրայել եւ «այնտեղ կյանքն սկսում մաքուր էջից՝ խստորեն ենթարկվելով տեղական օրենքներին»:
Փոփոխություններ են պատրաստվում կատարել «Զինվորական պարտավորությունների եւ զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում: Փետրվարի 7-ին դրանք հավանություն էին ստացել Ռուսաստանի կառավարության կողմից:




























