Այսօր` փետրվարի 8-ին, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլ հայտարարելու 19-րդ օրն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը նշեց, որ գիշերը նորմալ է անցել, Անդրիաս Ղուկասյանը իրեն նորմալ է զգում, ճնշումը 110/70 է: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի` հացադուլը դադարեցնելու կոչին, ապա Արմեն Գրիգորյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է հացադուլը, որեւէ փոփոխությունը չի լինելու: Նախագահի թեկենածու մտադիր է հացադուլը շարունակել մինչեւ փետրվարի 18-ը ներառյալ:
NEWS.am-ի թղթակիցը հեռախոսազրույց ունեցավ նաեւ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի հետ, ով եւս փաստեց, որ նորմալ է իրեն զգում, ճնշումը նորմալ է:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա` կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























