Հայ հեղափոխական դաշնակցությունն ընտրություններին մի քանի օր առաջ իր ընտրազանգվածին կուղղորդի, թե ինչպես վարվել քվեախցիկում: Այդ մասին այսօր` փետրվարի 8-ին, Ազգային Ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ շտապելու կարիք չկա:
«Մենք հայտարարել ենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ մեր ընտրազանգվածի համար կհայտարարենք, թե ինչպես քվեարկի: Շտապելու կարիք չկա, առավել ևս դեռ հայտնի չի` ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին, թե Պարույր Հայրիկյանը կորոշի հետաձգել»,- ասել է Ռուստամյանը:
Ռուստամյանն անձամբ իր քվեաթերթիկում գրելու է «բլորին դեմ»` այդկերպ անվավեր դարձնելով քվեաթերթիկը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ ՀՅԴ-ն պասիվ կեցվածք չի որդեգրել եւ ընտրություններին չմասնակցելն էլ պայքարի մի ձեւ է:
Ռուստամյանը նաեւ բացառել է ընտրություններից հետո նոր նախագահին շնորհավորելու հավանականությունը, քանի որ ի սկզբանե պարզ է, որ ընտրություններն արդեն կեղծված են:
Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն դարձնելու մտադրությանը` ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, թե որոշումների կայացման առումով ՀԱԿ-ը վերածվել էր քառակուսի անիվի եւ չէր կարողանում կոնսենսուսի գալ, իսկ կուսակցություն դառնալով կառույցը կբյուրեղանա:





























