Այսօր՝ փետրվարի 8-ին ավարտվում է Հայաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրման հայտեր ներկայացնելու ժամկետը: Այս պահի դրությամբ գրանցվել են 21 տեղական եւ 8 միջազգային կազմակերպություններ:
Բացի այդ, փետրվարի 8-ին լրանում է ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամկետը: Հիշեցնենք, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որը նախօրեին մեկօրյա հացադուլ էր սկսել ԿԸՀ-ի դիմաց, այսօր ինքնաբացարկի դիմում կներկայացնի:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում են 8 թեկնածուներ` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Քարոզարշավը կավարտվի փետրվարի 17-ին: Պետության ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով:





























