Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը դեմ է ՀՀՇ-ի լուծարմանը, սակայն կուսակցություն կուսակցության ներսում չի կարող լինել:
Ազգային Ժողովում փետրվարի 8-ին կայացած ճեպազրույցին Մանուկյանը հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը` կուսակցության վերածելը լավ ու ադեկվատ լուծում է ընտրություններից հետո շարժումը շարունակելու համար, քանի որ այս ճանապարհով շարժումը ավելի կուռ կդառնա:
Մանուկյանը նախօրեին նշել էր, թե պարտադիր չի ՀՀՇ-ն լուծարվի, որ ՀԱԿ-ը կուսակցություն դառնա, մինչդեռ այսօր նկատել է, որ դա հակասում է օրենսդրությանը: «Օրենքը թույլ է տալիս ստեղծել քաղաքական միավոր. Քաղաքական միավորների միաձուլմամբ, ինքնալուծարմամբ, վերակազմավորվելով ` սրանք են իրավական հնարավոր միջոցները, որոնց միջոցով հնարավոր է ստեղծել քաղաքական նոր ուժ»,- նշել է նա` միաժամանակ արձանագրելով, որ ՀՀՇ-ի լուծարումը կնշանակի գիծ քաշել անցած ճանապարհի վրա: Լուծարումը նաեւ բացասական կազդի ՀՀՇ-ի համար, քանի որ կկորցնեն մի շարք արտոնություններ եվրոպական կառույցներում, այդ իսկ պատճառով Մանուկյանը կողմ է արտահայտվել վերակազմավորման եղանակին:
Արամ Մանուկյանը նշել է, թե առաջիկայում ՀՀՇ վարչության նիստ է լինելու, հանդիպումներ տարածքային կառույցներում, իսկ վերջում համագումար կանեն եւ կընդունվի ընդունելի ձեւերից որեւէ մեկը: «Իմ համար կարեւոր է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը շարունակել պայքարը ու այն ղեկավարել, սա եւս խթան կլինի կառույցը կայացնելու համար»,- շեշտեց Ա.Մանուկյանը:
ՀՀՇ վարչության նախագահը նաեւ հրաժարվել է մեկնաբանել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հայտարարությունը: Վերջինս նշել էր, թե Տեր-Պետրոսյանը դավաճանել է ՀՀՇ-ի գաղափարներին, նաեւ պատրաստակամություն էր հայտնել նոր ՀՀՇ ստեղծել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























