Սա անհատների նախաձեռնություն է, Կոնգրեսի ներսում ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համակարգող, համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծմանը:  «Դա մեր իրավունքն է` ազատ միավորվել քաղաքական կազմակերպության մեջ»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ստեղծում են  մի հզոր, նախադեպը չունեցող, մասսայական, դեմոկրատական կուսակցություն, որի կարիքը կա: Անդրադառնալով կուսակցության գաղափարախոսությանը՝ Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ աշխարհում չկա որեւէ ուժ, որը պահպանի մաքուր, դոգմատիկ գաղափարախոսությունը: «Չկան կուսակցություններ, որոնք բացառապես լիբերալ, պահպանողական են: Եթե կան, ուրեմն նրանք շատ մարգինալ են: Եթե ցանկանում եք իսկապես ունենալ ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը, պետք է գնալ գաղափարախոսություների ամուսնության, մենք մեր կուսակցության հիմքում դնում ենք սոցիալիզմի եւ լիբերալիզմի գաղափարախոսության ամուսնությունը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կուսակցությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ ունի, որին կարող են անդամակցել  բոլոր նրանք, ովքեր ցանկանում են: Այդտեղ նաեւ ներկայացված են տեղեկություններ կուսակցության մասին: