Նույնիսկ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ վերեջերս կատարվածն էականորեն չի փոխել Հայաստանում նախընտրական դասավորությունը: Այդ մասին  այսօր՝ փետրվարի 8-ի մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: 

 «Ընտրությունները, փաստացի, «անցկացվել էին» դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քարոզարշավին մասնակցելուց հրաժարվելու մասին», - նշել է քաղաքագետը: Ըստ նրա՝  եթե որեւէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում: «Հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես կբաշխվեն երրորդ եւ չորրորդ տեղերը, կկարողանա՞ արդյոք Պարույր Հայրիկյանն առաջ անցնել  նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանից», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ Իսկանդարյանի՝ Հայրիկյանի հետ կատարվածն ապացուցեց, որ Հայաստանի քաղաքական համակարգը կարողացավ դիմակայել փորձությանը, քաոս չեղավ, եւ ինչպես նկատելի է, նախընտրական քարոզարշավը շարունակվում է բնականոն հունով:  «Ամենայն հավանականությամբ, դրա միակ արդյունքը կդառնա երրորդ եւ չորրորդ տեղերի բաշխման փոփոխված իրավիճակը», - ընդգծել է քաղաքագետը:

 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am