Հայ ազգային կոնգրեսը պետք է վերածվի միասնական կուսակցության, որպեսզի երկրի քաղաքական կյանքի բաղկացուցիչ մաս դառնա: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«ՀԱԿ-ի ստեղծումը Հայոց համազգային շարժման հիմքի վրա քաղաքական իրականության պտուղն էր: Շարժման ղեկավարները փորձեր արեցին վերադարձնել ՀՀՇ-ն ակտիվ քաղաքականություն, միավորել բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպել լայն ապստամբություն, այնպես անել, որ բոլորն աշխատեն իշխանության դեմ, ինչպես դա եղել է 1988-90 թվականներին` ընդդեմ կոմկուսի: Նրանք փորձեցին երկրորդ անգամ մտնել նույն գետը, բայց գնացքն արդեն գնացել է»,-ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ` ներկա վիճակում ՀԱԿ-ը կուսակցություն դառնալուն այլընտրանք չունի, քանի որ դա արդեն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միավորման ներկայացուցիչները մտան խորհրդարան:
Անդրադառնալով նրան, որ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է լինել ՀԱԿ-ի խորհրդանշական կամ պատվավոր նախագահը, եւ քաղաքականությունից հեռանալու հավանականությանը, Իսկանդարյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը չի կարող հեռանալ քաղաքականությունից: «Եթե նույնիսկ կուսակցության ղեկավարը լինի այլ մարդ, միեւնույն է, Տեր-Պետրոսյանը կշարունակի զգալի ազդեցություն ունենալ, քանի որ այդ ուժը լինելու է Հայաստանում բրգաձեւ ուժերից մեկը եւ այդ կուսակցության ներսում որոշումները կկայացվեն մեկ մարդու կողմից»,-ամփոփեց քաղաքագետը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























