Անհրաժեշտ է բացառել զեղծարարությունները եւ ապահովել քվեարկության օրինականությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ-ի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Արման Մելիքյանը:
Արման Մելիքյանը նշել է, որ երեկ Հայաստանի ԿԸՀ-ն արտահերթ նիստում իր դիմումի հիմքով լսումներ է անցկացրել: Ըստ նրա՝ փոխհամաձայնության չէին եկել, սակայն նիստին արվել էին հավելյալ ճշգրտումներ, տրվել մեկնաբանություններ, հարցեր: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն այդպես էլ խախտումներ չի հայտնաբերել:
Թեկնածուն ընդգծել է, որ ԿԸՀ-ն տեղյակ էր ընտրողներին կաշառելու փորձերի մասին, իսկ մարզերի վարչական ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչները կարգադրել էին բնակիչների տվյալների հավաքագրում կազմակերպել՝ երկրից բացակայող քաղաքացիներին բացահայտելու նպատակով: «Այդ նպատակով հատուկ ձեւ է կիրառվում, որի վերջին տողը պետք է պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնող ընտրողների քանակի վերաբերյալ տվյալներ պարունակի: Մենք դա գնահատում ենք որպես ընտրողների վրա զանգվածային ճնշման երեւույթ պետծառայությունում գտնվող շահագրգիռ անձանց կողմից: Մյուս կողմից, արդեն պարզ է, որ Հայաստանը լքած ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քանակն արդեն ճշտված է, եւ իշխանությունների պարտականությունն է հրապարակել դրանք մինչեւ փետրվարի 13-ը», - նշվում է ԿԸՀ-ի ղեկավարին ուղղած Մելիքյանի նամակում:
Հիշեցնենք, որ Արման Մելիքյանը պահանջում է վերանայել ընտրողների ցուցակները՝ զեղծարարություններից խուսափելու եւ օրինական քվեարկություն ապահովելու նպատակով, առանձին փակցնելայն քաղաքացիների անունները, որոնք բացակայում են երկրից: Իր հայտարարության մեջ նա անդրադարձել է նաեւ որոշ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «անձնագրային տվյալների անօրինական հաշվառմանը»: Նախագահի թեկնածուն խնդրել է վարչական վարույթ սկսել հայտարարության մեջ նշված փաստերի հիմքով:





























