Նախագահի թեկնածու, «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշն աճել է 2,5 անգամ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հոկոբյանը:

Մեկնաբանելով նախագահի թեկնածուների` երեկ հրապարակված վարկանիշները, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանն արժանացել է հարցվածների 21 տոկոսի համակրանքին, Հակոբյանը նշել է, որ մեծ վերապահումով է մոտենում նման սոցհարցումներին, բայց նույնիսկ այդ հարցումների համաձայն, Հոկվաննիսյանի վարկանիշն աճել է 52,5 անգամ: Ընդհանուր առմամբ` Հակոբյանը վստահ է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակում եւ նրա վարկանիշի աճը կապում է թեկնածուի անձնական որակների եւ անցած ուղու հետ:

Ռուբեն Հակոբյանը նշել է, որ փաստացի բոլոր թեկնածուները խոստանում են զարգացնել ժողովրդավարությունը եւ ապահովել մարդու ազատություններն ու իրավունքները Հայաստանում: Այդ կապակցությամբ, բացի խոստումներից, պետք է հաշվի առնել նաեւ այն, թե ով է այդ խոստումները տալիս, ունա՞կ է արդյոք հասնել իր հռչակած նպատակներին: Այդ տեսանկյունից, ըստ Հակոբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը շահեկանորեն տարբերվում է մյուս թեկնածուներից:

Անդրադառնալով նախընտրական իրավիճակին, նա նշել է, որ առաջիկա նախագահական ընտրությունները շատ բանով տարբերվում են նախորդ ընտրություններից: «Փոխվել է թեկնածուների հռետորությունը, չկա ագրեսիվ լարվածություն, որը ավանդաբար եղել է նախագահական նախկին ընտրությունների ժամանակ: Փոխարենը կա բացասական այլ յուրահատկություն` այս անգամ «երկրորդ էշելոնի» թեկնածուները զբաղված են միայն նրանով, որ փորձում են սեւացնել այլ ընդդիմադիր թեկնածուներին: Դրականն այն է, որ հասարակությունը նրանց լուրջ չի ընդունում»,-ամփոփել է «Ժառանգության» անդամը: