Չեմ կարծում, թե «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունն առաջադրելու վճիռը կայացրել է  առանց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ խորհրդակցելու եւ նրա համաձայնությունը ստանալու: Այդ մասին այսօր՝ փետրվարի 8-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, ապա լայն կոալիցիա կստեղծվեր, ՀԱԿ-ը կլիներ մասնակիցներից առաջինը:  Լեւոն Տեր-Պետրոսյանը դա շատ էր ցանկանում: Դա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ խորհրդարանական ընտրություններում  ՀԱԿ-ը հավաքել էր 7,11%՝ հսկայական անկում 2008թ. նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած  21,5%-ի համեմատությամբ: Հասկանալի էր, որ ՀԱԿ-ի թեկնածուն 7%-ից ավելի չէր հավաքի, եւ բնականաբար,  Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչի համար անհարմար կլիներ առաջադրել իր թեկնածությունը: Իսկ ահա Հրանտ Բագրատյանը երիտասարդ քաղաքական գործիչ է», - նշել է քաղաքագետը: Ըստ նրա՝ Բագրատյանը նույնպես շատ ձայներ չի հավաքի, սակայն նրա օգտին կքվեարկեն ՀԱԿ-ին սատարողները:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am