«Ազգային համագործակցություն» հիմնադրամը (տնօրենը Արշակ Սադոյանն է) բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահի բոլոր թեկնածուներին, որտեղ առաջարկում է համագործակցել Տեղեկատվության եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումները նոր լայն հնարավորություններով օգտագործելու համար:
Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը.
«Հարգելի թեկնածուներ,
Հաշվի առնելով, որ`
ա) Տեղեկատվության եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումները նոր լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովրդին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, դիմակայելու մարտահրավերներին եւ զարգանալու.
բ) Աշխարհքաղաքական արդի զարգացումները, համաշխարհայնացման գործընթացները ներկայումս նույնպես խիստ նպաստավոր են այդ ժողովուրդների համար.
Ազդեցիկ ուժերից շատերը ոչ միայն չեն փորձում խոչընդոտել, այլ, ընդհակառակը, պատրաստ են աջակցել (այդ իմաստով ավելորդ զգուշավորության հիմքեր բոլորովին չկան), որ զարգացման ընդհանուր գիծն ընդունող, մյուսների նկատմամբ գերիշխանության հավակնություններ չունեցող ազգերը իրենց ինքնությունը, մշակութային առանձնահատկությունները պահպանելով` իրենց առաքելությանը համապատասխան դերակատարում ունենան, նպաստեն քաղաքակրթության բազմակողմանի առաջընթացին.
գ) ներկայումս բոլոր նպաստավոր պայմաններն առկա են ձեւավորելու համար աշխարհով մեկ մոտ 10 մլն հայության ներուժն ի մի բերելու ունակ, նպատակային գործունեության սուբյեկտ հանդիսացող, ինքնիշխան, ամողջական մի կառույց` իր Հայաստան մայրաքաղաք-պետությամբ, Արցախով, Սփյուռքի կազմակերպված համայնքներով, համազգային գործուն կառույցներով, զարգացման արդյունավետ ծրագրերով:
ՀՀ Կառավարության մասնակցությամբ հիմնված «Ազգային համագործակցություն» հիմնադրամը ՀՀ Հանրային խորհրդի աջակցությամբ քայլեր է ձեռնարկում համազգային այդ գերկառույցի ձեւավորման գործընթացը հնարավորինս արագացնելու ուղղությամբ: Որպես առաջին քայլ` արդեն հիմնվել է հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության, փոխօգնության կազմակերպման ազգային կառույց (կից էլեկտրոնային փոստով Ձեզ է ուղարկվում 2013թ. համար նրա առջեւ դրված խնդիրների նկարագրությունը, անդամագրման առաջարկությունը) մշակվել են մայրաքաղաքում, ՀՀ եւ Արցախի բնակավայրերում, Սփյուռքի համայքներում համապատասխան կենտրոնների կազմավորման ծրագրերը:
Հարգելի թեկնածուներ,
Քարոզարշավի մեկնարկն արդեն ցույց տվեց, որ Դուք էլ եք կարեւորում մեր ժողովրդի տարբեր հատվածների շահերի պաշտպանության, արտագաղթի նվազեցման, դրա հետեւանքների մեղմման, ազգապահպանության, առաջընթացի ապահովման խնդիրները:
Անշուշտ, ընտրություն կատարելուց առաջ մեր հայրենակիցներն իրավունք ունեն մանրամասն ծանոթանալու համազգային կարեւոր հարցերի մասին Ձեր տեսակետներին: Մյուս կողմից, անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ այլ հարցերում ունեցած տարաձայնություններից, ցանկալի է, որ բոլոր կարող ուժերը` Դուք եւ Ձեր այն կողմնակիցները, ովքեր ընդունում են վերը նշված խնդրի կարեւորությունը, ներգրավվեն աշխատանքներում: Ուստի սիրով հրավիրում ենք բոլոր թեկնածուներին ս.թ. փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին ՀՀ Հանրային խորհրդում կազմակերպվող քննարկում-ասուլիսին` ներկայացնելու Ձեր մոտեցումներն ու պատկերացումները կառույցի եւ դրան Ձեր օժանդակության վերաբերյալ, ինչպես նաեւ ընտրվելու դեպքում, որպես Նախագահ, ինչ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























