Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհուրդը եւ «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարեւոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու եւ երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին:

Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս եւ հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:

Միայն պատերազմ  տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, եւ այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչեւ հրամանատար եւ Գերագույն գլխավոր հրամանատար:

Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը:

Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ եւ ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:

Հետեւաբար 2013թ. Նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասված է Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհրդի հայտարարության մեջ:

«Բուժքույրերի միավորում»  հասարակական կազմակերպությունը իր արտահերթ նիստի ժամանակ, որին մասնակցել են 150 բուժքույր, հայտարարություն է ընդունել 2013թ. Փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ՀՀ  նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանին սատարելու մասին  եւ  կոչ է արել իր անդամներին եւ համակրներին քվեն տալ նրա օգտին:

«Որպես հասարակական կազմակերպություն՝ մենք ակտիվ մասնակից ենք եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ենք հանրապետության ազգաբնակչությանը ցուցաբերվող առաջին բժշկական օգնության, հակահամաճարակաբանության ծառայությունների որակի բարձրացմանը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա են ոլորտի խնդիրների լուծման ուղիներ»,- ասված է հայտարարության մեջ: