Հայաստանի կառավարությունը ոչ մի պարագայում կրթության համար ծախսերը չի խնայի։ Այդ մասին Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը նշել է Արթիկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում եւ հավելել, որ կրթական ոլորտին մշտական կարեւորություն է տրվում։
«Մենք հարուստ երկիր չենք, բայց դրա հետ մեկտեղ կրթության համար միջոցներ չենք խնայի։ Մենք միջոցներ ենք որոնում նոր մանկապարտեզներ կառուցելու համար։ Իսկ դա, իհարկե, կկրճատի մեր ընտանիքների հոգսը։
Մենք պետք է ի վիճակի լինենք գյուղում հարմարավետ պայմաններ ստեղծելու։ Մենք ցանկանում ենք, որպեսզի երեխաները սովորեն ամենալավ պայմաններում, ցանկանում ենք յուրաքանչյուր առաջին դասարանցու համակարգիչ տրամադրել, համացանցային որակյալ ծածկույթ ապահովել բոլո դպրոցներում։ Բնավ պարտադիր չէ, որ բոլոր երեխաները համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ դառնան։ Բայց առանց համակարգչային գիտելիքների նրանց համար կարող է դժվար լինել։ Այսօր համակարգիչը մեր երեխաների կենցաղի կարեւոր մասն է դառնում։
Մենք միջոցներ չենք խնայում սոցիալապես անապահովների կրթության համար, հեշտացնում ենք բուհեր ընդունվելը, գիտությունների գնահատման արդյունավետ համակարգ ենք ներդնում։ Այդ ամենը նշանակում է, որ վաղը մենք կունենանք առավել որակյալ, ունակ աշխատուժ, որը մեզ կօգնի մրցունակ լինել», - ասել է նախագահը։





























