Երրորդ հարցումը հաստատեց նախորդ՝ հունվարի կեսի արդյունքները՝ ընտրություններին մասնակցելու համար առաջադրելով սեփական թեկնածուի, եւ ՀՀԿ-ն, եւ «Ժառանգությունը» ավելացրել են սեփական  աջակիցների բազան, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» եւ Հայ ազգային կոնգրեսը կորցրել են իրենց ընտրազանգվածի որոշակի  աջակցությունը՝ այս ընտրություններում սեփական թեկնածու չունենալու պատճառով: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup Organization-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն:

Նա նշեց, որ փետրվարի սկզբին մեծ կուսակցությունների աջակցությունը մնացել էր նույնը, ինչ հունվարի կեսին:  Երրոդ հարցումը հաստատեց նաեւ այն, որ Հայաստանի քաղաքացիների համար հեռուստատեսությունը մնացել է քաղաքական տեղեկատվության առաջին եւ ամենակարեւոր աղբյուրը, որին հաջորդում է «բանավոր խոսքը» եւ ինտերնետը: Ինտերնետը հատկապես կարեւոր է քաղաքի երիտասարդ ընտրողների համար: Քարոզարշավի մեկնարկի պահից գովազդային վահանակների եւ հուշաթերթիկների ազդեցությունը մեծացել էր նախընտրական ժամանակահատվածի համեմատ: