ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այս պահի դրությանբ հաստատապես որոշել է ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, նրա ընկեր Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանը վաղը 15.30 կլինի Սահմանադարական դատարանում` ներկայացնելու դիմումը: Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ շտաբը չի բացահայտում, բացի երկշաբաթյա ժամկետով ընտրությունները հետաձգելու պահանջից` այդտեղ կան նաեւ այլ հանգամանքներ:
Միեւնույն ժամանակ, Կարո Եղնուկյանից հետաքրքրվեցինք, թե սա որքանով է վերջնական որոշում եւ արդյոք Հայրիկյանը որոշումը չի փոխի, նա նշեց, որ կարող է որոշումը փոխվել` ելնելով մի շարք հանգամանքներից, այդ թվում` մյուս թեկնածուների արձագանքներից: Կարո Եղնուկյանը նշեց, որ դեռեւս միասնական թեկնածուով հանդես գալու կոչին ընդդիմադիր թեկնածուները չեն արձագանքել:
Նշենք, որ ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակ է հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` կոչ անելով հանդես գալ միասնական թեկնածուով: Նա նշել է, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել` ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Նա բաց նամակը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում: Հայրիկյանի նամակը, սակայն, առայժմ անպատասխան է մնացել, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն պատասխանել նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին: Դրանից հետո երեկ` փետրվարի 8-ին, ՀայրիկյանըNEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե մինչեւ ժամը 18.00-ն դիմելու է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, սակայն խնդրելու է, որ դիմումը մուտքագրվի փետրվարի 10-ի ամսաթվով եւ հնարավորություն լինի ամեն րոպե հետ վերցնել դիմումը, որովհետեւ կարող է առողջական վիճակը լավանալ եւ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չլինի:Այնուհետեւ Հայրիկյանի շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, թե ՍԴ-ի հետ ճշտել են եւ նրանք պատրաստ են դիմում ընդունել նաեւ փետրվարի 10-ին, ուստի իրենք կսպասեն մինչ կիրակի եւ եթե առողջական վիճակը չլավանա, կդիմեն: Հետո հայտարարվել էր, թե վերջնական որոշում կկայացնեն վաղը:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























