Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքների,  մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների եւ այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաեւ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչեւ կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների եւ ցուցմունքների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շարունակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղեկությունները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված եւ դեռեւս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ եւս շարունակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի եւ միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված,   Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: