Երկրում վիճակն իրականում բարդ է, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետը ձախողված է։ Նրա նախագահության հինգ տարում տնտեսական աճը, պաշտոնական տվյալներով, կազմել է ընդամենը 4%։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 9-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը։

«1994թ. Ադրբեջանի հետ հրադադար կնքելուց հետո մեր տնտեսությունն ավելի ինտենսիվ էր աճում, քան Սերժ Սարգսյանի կառավարման հինգ տարիներին։ Նրանք դա պայմանավորում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, այս դեպքում երկու հարց է ծագում։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ մնացած երկրներում տնտեսությունը 2% է կրճատվել, Հայաստանում՝ 15%։

Բացի այդ, երկրին 11 մլրդ դոլար է հատկացվել՝ այնքան, որքան կազմում է մեր երկրի ամբողջ արտադրությունը»,- նշել է Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ յոթ մլրդ դոլար մենք ստացել ենք Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, 2,5 մլրդ դոլար փոխառել ենք եւ եւս 1,5 մլրդ դոլար երկիրը ստացել է որպես օգնություն։ Նա նաեւ կասկածի տակ է դրել երկրում կարգուկանոն հաստատելու իշխանությունների ունակությունը՝ նկատի ունենալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահհափորձը եւ իր նախընտրական շտաբի վրա կատարված հարձակումը։