Ազատ ընտրողներին ոչ ոք ավտոբուսներով չի բերում հանրահավաքի: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` հանդես գալով Իջեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` գյուղերից մեկում հանդիպման ժամանակ ինքը գյուղապետին չի գտել, իսկ գյուղապետի տեղակալն էլ, հարցին, թե ինչով է զբաղված  գյուղապետը, պատասխանել է, որ «ֆինանսական հարցեր է լուծում»:

«Ուզում եմ հարցնել` այդ ինչ հարցեր են, որ կատարվում են գործարքով եւ ինչի համար: Ո՞վ իրավունք ունի վախեցնել եւ պարտադրել մեր ուսուցիչներին, բժիշկներին, զինվորներին: Այս անգամ ամեն բան այլ պետք է լինի: Ազատ մարդկանց պարտադրելու գործընթացին պետք է վերջ դրվի»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Անկախ նրանից, թե ով եք դուք` տաքսիստ, թե փոքր խանութի սեփականատեր, եթե որեւէ մեկը զրկել է ձեզ ունեցվածքից կամ նեղել որեւէ կերպ, մեր կուսակցության անդամները միշտ եղել է ձեր կողքին: Նրանք 2008-ի մարտի 1-ին կանգնել են ոստիկանների եւ ժողովրդի միջեւ, որպեսզի փրկեն ոստիկանի ու ցուցարարի կյանքը, որովհետեւ մենք տարբերություն չենք դնում մարդկանց միջեւ: Մարդկանց չենք բաժանում ըստ կուսակցությունների` սա ՀՀԿ-ական է, մյուսը` դաշնակցական, երրորդը` «Ժառանգության» անդամ: Մենք մի երկիր ենք, մեկ հասարակություն եւ փետրվարի 18-ին մենք դա կապացուցենք»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու: