ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընդհանուր դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդների` Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին եւ դրանց գնահատականներին: Այդ մասին այսօր` փետրվարի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը:

Ասուլիսում նա տարածել է հետեւյալ հայտարարությունը. ««ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները» փաստաթղթի 6.4-րդ կետի համաձայն` պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, երբ նա կամ իր կողմից ներկայացված կուսակցությունը խախտում է սահմանադրությունը, ըստ էության` զեկույցից պարզ է դառնում, որ դիտորդական առաքելությունը անտեսում է Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը, որ տասը տարուց ավել Հայաստանում իշխող հանրապետական կուսակցությունը իրականացրել է հակասահմանադրական գործողություններ, բաժանում է ընտրակաշառք եւ հարկադրում է քաղաքացիներին քվեարկել»,- ասված է  նրա հայտարարության մեջ:

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով` ակնհայտ է, որ դիտորդական առաքելության կողմից այդ փաստի անտեսումը վկայում է, որ  այդ կազմակերպության գործունեությունը որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ հետապնդում է քաղաքական նպատակներ: