Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն, այսօր` փետրվարի 11-ին, այցելել է հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Երկարատեւ զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն բացատրել է, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետեւանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։
Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։ Հայկ Դարբինյանը շարունակել է պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջակցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛ անհրաժեշտ բուժում իրականացնելով եւ անգամ խորհրդատվություն տրամադրելով։
Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին այցելելության համար եւ խոստացել է անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։
Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափել են Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա բժշկական հսկողությունը։





























