Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել օդանավի գրավման կամ հետապնդման տեղեկատվություն ստանալու դեպքում ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. սեպտեմբերին Դուշանբեում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դաշնային օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորումում նշվում է, որ համաձայնագրի նպատակն է օդային տարածքի անվտանգ օգտագործման ապահովումը, ահաբեկչությանը դիմակայելը եւ օդանավի գրավման կամ հետապնդման տեղեկատվություն ստանալու դեպքում ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների միասնական կազմակերպության ձեւավորումը: 

Համաձայնագիրը պարունակում է նաեւ դրույթներ օդանավերի օգտագործման կանոնների եւ հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցների կիրառման վերաբերյալ` ահաբեկչական գործողության սպառնալիքի վերացման համար:

Ահաբեկչության ժամանակ օդանավի ոչնչացման համար օգտագործվող զենքերը եւ ռազմական տեխնիկան կիրառվում են այն դեպքում, երբ սպառված են լինում բոլոր հնարավոր միջոցները նրա վայրէջքի համար` համաձայն կողմերի  ազգային օրենսդրությունների, ընդգծվում է փաստաթղթում: