ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ առավոտյան Հայրիկյանի վերքի «կարերը» քանդել են, վերքը մաքուր էր, հանգիստ էր, առողջական վիճակն էլ լավ է: Նախագահի թեկնածուն դուրս է գրվել, բայց պարբերաբար կգա եւ ամբուլատոր օգնություն կստանա:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սկզբից հայտարարել էր, թե չի դիմելու ՍԴ`ընտրությունները հետաձգելու հարցով: Այնուհետեւ մի քանի անգամ փոխել էր իր որոշումը` մեկ հայտարարելով, թե դիմում է, մեկ հայտարարելով, թե դեռ որոշում չի կայացրել: Իսկ երեկ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ: Նա նշել էր, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել: Այսօր նա նոր դիմումէ ներկայացրել ՍԴ եւ հետ վերցրել երեկվա դիմումը, այսպիսով` Հայաստանում ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել, ապա կալանավորվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























