Երբ իշխանությունները փայփայում են երեք թեկնածուների, նրանց միջեւ խանդ է առաջանում: Կոպիտ ասած, երեք թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը «դեկորատիվ» են: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:
«Ես ցավում եմ ինչպես ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, այնպես էլ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համար: Ես վերջինիս կոչ արեցի դադարեցնել հացադուլը մինչեւ փետրվարի 8-ը եւ ինձ հետ միասին հանել թեկնածությունը, որպեսզի հացադուլն իմաստ ունենա: Նախագահական ընտրություններից հետո, երբ, ես վստահ եմ, որ նա կհավաքի 1%-ից քիչ ձայներ, ինչ էլ ասի, համոզիչ չի լինի: Արման Մելիքյանի համար իրավիճակը նույնպես հակասական կլինի, քանզի նա շատ լավ հասկանում է, որ փետրվարի 18-ից հետո դժվար կլինի խոսելը` չնայած տարբեր մարտավարական քայլերին», - նշել է նախկին թեկնածուն:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու, «Ազգային ինքորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Արամ Հարությունյանն ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի նրա հաջորդ քայլը: Նա քաղաքականորեն չկանոնակարգված շարժումներ է անում: Նա կարող էր ընդհանրապես չխոսել, եւ ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանար»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























